«Մեր ողջ արժանիքը մտածելու մեջ է:
Հենց դրանով պիտի վեհանանք և ոչ
թե տարածությամբ ու ժամանակով,
որ չենք կարող լցնել: Արդ, ջանանք
լավ մտածել. ահա բարոյականության
սկզբունքը»:
Բլեզ ՊԱՍԿԱԼ
Իմ կյանքի երեսն ալիքներ շպրտող ծովն իր խորքերում մասունքներ էր թաղել, որոնք երբեմն հիմա են արթնանում, երբ ալեբախումներից հոգնած՝ հետ եմ նայում այնտեղ, ուր դեռ նոր էր բացվում իր ծովի երեսը: Տեսնում եմ ինձ այնտեղ՝ արևոտ օրերի մեջ, երբ հայոց սիրտ – քաղաքից հեռու՝ փոքրիկ մի գյուղում, ուսուցչուհու բերանից լսել էի Վարդգես Պետրոսյան անունը ու ծրարի մեջ իմ սրտի հետ բաբախող սիրտ դարձնելով՝ ուղարկել իրեն: Հետո ծրարների մեջ գնացին ու եկան իրար հետ զրուցող մեծ ու փոքրերի սրտերը, և հազար ափսո՜ս, որ այդպես էլ մնացին իմ կյանքի երեսն ալիքներ շպրտող ծովի հատակում:
Նրանց աննյութեղեն հիշատակն է արթնացել հիմա, ու ես ինձ տեսնում եմ պիոներների մեջ առաջինը, ով ողջունելու էր Վարդգես Պետրոսյանին՝ հայոց սիրտ – քաղաքից հեռու նրան սպասողների մեջ:
Հետո, երբ քիչ–քիչ նշմարվեցին հեռուներում հավաքվող քամիները, իմ ծովի հանդարտ երեսին կնճիռներ հայտնվեցին: Ալիքները փրփուրներ հանեցին երես, ու կնճիռների տակն անցած ծրարված մասունքները գնացին՝ ապրելու ծովի խորքերում: Քիչ-քիչ հանելու եմ նրանց ու գուրգուրելու՝ անկախ այն բանից՝ կիմանաք այդ մասին, թե ոչ:
Այսօր, երբ իմ կյանքում արդեն չապրած տարիներս ավելի շատ են, մանկության մեջ ապրած տարիներիս միջից փոքրիկ ծրարներիի հիշատակներ հանելով՝ գուրգուրեցի, և շնորհակալ եղա նրանց, ովքեր տվեցին ինձ այդ առիթը, ովքեր հավաքեցին, կազմեցին ու հրատարակեցին ապրած ու չապրած տարիները զանազանել ուսուցանող վարպետի անտիպ հոդվածները:
Իմ պիոներական հպարտությունից, իհարկե, շատ տարիներ հետո աշխատեցի Վարդգես Պետրոսյան – բացառիկ ինքնադրսևորման տեր հայրենասեր հայի հետ կողք կողքի, ու նա շատ անգամներ նույնիսկ ջախջախեց ինձ, բայց մենք խոսքով արդեն կապված էինք իրար՝ մի անվերջ նամակագրությամբ: Մեր խոսքն այլևս չէր սպասվում ծրարվելուն:
Վաղուց, շատ վաղուց իմ կյանքի ալիքների տակ էին անցել նրան գրած ու չգրած նամակները, բայց մինչև այսօր սիրտս դաղվում է, երբ նա կրկին դառնում է իմ ուսուցիչը: Հեշտ գործ չէ զանազանել ապրած ու չապրած տարիները, երբ արդեն ետևում մի ահռելի ծովի ահռելի փոթորիկ կա: Նստել ու զանազանել, նշանակում է ծնկել ու խոստովանել, ծնկել ու խոստովանել Ուսուցչի առաջ, ում դասը ոչ միայն գեղարվեստական խոսք է ու հրավառ հրապարակախոսություն, այլև անդադրում մտավորականի մտքի հետ ու առաջ, հայոց ամեն ոլորտների, մեծի ու փոքրի, արմատի ու էության, ամեն-ամեն ինչի շուրջը...
Խոստովանել – զրուցել, զրուցել – խոստովանել մանավանդ որ կա հրաշալի առիթ՝ հրապարակախոսական հոդվածների անտիպ ժողովածուն:
«Եվ մտավորականը երբեմն շփոթվում է. ո՞վ է ինքը, ի՞նչ են սպասում իրենից, և ո՞վ է ժողովուրդը, որի ձգտումները ինքը պիտի արտահայտի»:
Այս մտորումները կծկվում են սրտի տակ, ու փորձում է ետ տալ կծիկը, ետ տալ ցավը՝ բալասաններ գտնելու նրա «սրբազան խաչի ու պղնձե մանրադրամի» համար, որ իր ժողովուրդն է:
Անցնում է Հանրապետության հրապարակով, բռնում են թևից, թե՝ «էս ի՞նչ պիտի լինի, վերջն ի՞նչ պիտի լինի»: Ուզում է մտնել քաղխորհուրդ, քաշում են թևից, թե՝ «Ուրեմն՝ մենք դրա՞ համար պայքարեցինք...»: Նայում է քաշողի դեմքին. ծանոթ է միտինգներից: Լսում է կողքինի ձայնը՝ «Ուրեմն՝ մե՞զ էլ պետք է անցագրով թողնեք...»: Հերթապահն իրեն է դիմում, թե՝ «Պարո՛ն Պետրոսյան, կարելի՞ է Ձեր վկայականը...»:
Կծիկը շարունակում է կծկվել. ուրեմն՝ միտինգի մասնակցողը պայքարող է, ուրեմն անձը հաստատողն անունը չէ, այլ՝ վկայականը, ուրեմն՝ վկայականի տերը ժողովուրդը չէ, իսկ ո՞վ է Ժողովուրդը: Ա՛յ նա, ով կանգնած քաշում է իր թևից իր ցավը: Առնում է նրան իր կրակե շապիկի մեջ, արագ–արագ գնում, կռանում գրասեղանի վրա, ուր թափված թղթերի արանքից ակնդետ իրեն են նայում «Հոգեբանական փշալարի» տարբեր կողմերում կանգնած երկու զույգ աչքեր: Մի զույգը՝ հայի, մի զույգը՝ հարևանինն է... Շապիկն այրում է կրակի պես, արձակում է օձիքն ու «գրողական» հուսահատ ճիգ է անում՝ հայ–թուրք ճակատագրական հավասարման բազում անհայտներից գոնե մի քանիսը որոնելու, զգացմունքն ու բանականությունը զգուշորեն մոտեցնելու իրար... Հիշում է մի երիտասարդի, որ իր հերոսն էր, որ կանգնել ու ասում էր. «Ատելությունը ճանապարհ է դեպի Ոչ մի տեղ: Բայց ատելության մյուս երեսը սերը չէ անպայման: Ես ուզում եմ պարզապես հասկանալ մի թուրք տղայի, որ իմ հասակակիցն է: Մենք նրա հետ ապրելու ենք նաև գալիք 21–րդ դարում...»: Կնճռոտում է դեմքը, խառնում մազերը, կրակը շապիկի տակից լիզում է կուրծքը. «...Այսօր որտե՞ղ եք դուք, պարոնա՛յք իմ ընկերներ, այդ ինչպե՞ս է, որ չեք հնչեցնում համազգային տագնապի ահազանգը.... Թե՞ գրական հերոսը ձեզ ավելի վտանգավոր էր թվում, քան իրական հայ նախարարը, որ երեկ բարեկիրթ զրուցում էր թուրք ժուռնալիստի հետ, իսկ վաղը պատրաստվում է մեկնել Անկարա՝ բանակցությունների»:
Թղթին նետված քո այս խոսքերը չարախինդ չեն, այլ ասվում են՝ լավ պատկերացնելու, արտահայտիչ դարձնելու համար միասնական մտքի հանրագումարի լավագույն տարբերակը:
Միասնական հանրագումարի լավագույն տարբերակը գտնելով՝ «ապրած տարածքը պարտեզ դարձնելու» միտքը և այդ մտքով համընդհանուր սիրո մեջ ապրածն ու չապրածը հեշտորեն զանազանելու վարպետությունը մի ուրիշ Ուսուցիչ էր տվել մեզ, ու նրա տվածը հենց կյանքի ճանապարհ էր, պարտեզ – կյանքի ճանապարհ: Հիշեմ նրա՝ Հրանտ Մաթևոսյան – Ուսուցչի մատնացույց արած ճանապարհից մի հատված.
«— Խեչո՜...
— Ալո՛, ասա՛, Սաքո՛, Խեչոն լսում է:
— Խեչո՜...
— Հա՛, ասա՜:
— Խեչո, ասում ես հաստա՞տ դու ես:
— Իհա՛րկե, ե՛ս եմ, Խեչո՛ն եմ:
— Մարդ ես դարձել, հեռախոսով ես խոսում, էլի (...)
Մյուս հանգույցում Խեչոն բարձր ծիծաղեց:
— Խեչո՛,– ասաց Սաքոն,– դու շուն շանորդի ես:
Դրանով Սաքոն ուզում էր ասել, որ եթե պետք լինի, ինքն էլ կզանգահարի:
Հետո հովիվները Սաքոյի ձեռքից ընկալուչը խլեցին, և ով ինչ գիտեր ասաց Խեչոյին, նրա ձիագող հոր, ձիագող պապի, Խեչոյի ձիագող պապի պապի մասին: Դրանով հովիվներն ուզում էին գոված լինել հեռախոս հնարողին, հնարողի հորը, պապի պապին»:
Այդպես էր «Երկիր մոլորակից Անտառամեջին հատկացված տեղամասում» (Հրանտ Մաթևոսյան, «Մենք ենք, մեր սարերը»): Միասնական հանրագումար սիրո պարտեզ էր սա:
Հայոց պարտեզը մտնելու ճանպարհը սա էր: Հենց այս ճամփով էլ գնաց Վարդգես Պետրոսյանը, հենց այս պարտեզն էլ մտավ, բայց տեսավ, որ իր ետևից եկողները պարտեզին անհարիր բեռներով են եկել, շատերն էլ ծիկրակում են՝ դեռ պարտեզը չմտած... Անմիջապես որակեց նրանց այն խոսքով, որով այսօր վերնագրվել է նրա ալեկոծ մտքերի ջրվեժից մի ափ ջուր խլած տիկնանց կազմած գիրքը:
Ի՞նչ լսեց հեռախոսի մյուս ծայրից, երբ շապիկը կրակված՝ մտել էր իր տարածքի պարտեզը: Երևի լռեցին, երևի հայհոյեցին, երևի սպառնացին ընկալուչի մյուս կողմում: Ի՞նչ սպառնացին, որ ցա՞ծ դնի իր վիշտը: Հարցնեմ Հրանտին. «Անտառամեջի պարտեզում կասե՞ն՝ «ցա՛ծ դիր վիշտդ», թե՞ կասեն՝ տո՛ւր, տո՛ւր մի քիչ էլ գրկեմ, ես շալակեմ»:
«Չէ՛, սա Անտառամեջ չէ»,– կասի Հրանտը: Քո ետևից տարածք մտնողներին ցա՛ծ դիր, ասում էին ցա՛ծ դիր վիշտդ բոլորովին ուրիշ բանի համար: Բայց դու քո ցավի հետ նույն կրակե շապիկի մեջ էիր անբաժան ու նրա հետ էլ կռացար, նրա հետ էլ իջար գետնին:
Անտառամեջցին ասում էր. «Ես քո ձիագող պապի...», ու սիրում էր այդ պապին: Հիմա որ ասենք. «Ես քո դավադիր....», ո՞նց սիրենք...: Անտառամեջի դասը վարող Ուսուցիչն էլ գնաց, ու չիմացանք, թե իմաստասերների մտքերը խառնելով՝ գտա՞վ այս հարցի պատասխանը:
Դժվար հարցի դժվար պատասխան: Ես նորից եմ թերթում նոր հրատարակված ժողովածուն: Փակում եմ: Ուսուցչի թիկունքում զարդանախշ – խաչքար է: «Կարո՞ղ ես գտնել զարմանահրաշ, իրար ագուցված նախշի ծայրն ու նրանով գնալ՝ հարթելով ճանապարհը: Չէ՛, սա խաչ է: Մեր տանելու խաչն է»,-մտածում եմ ու մտնում Անտառամեջի տարածքը: Հետս վերցրել եմ Վարդգես Պետրոսյանի խոսքերով՝ «Մեր ժողովուրդը իմն է, ինչպես... իմ վիշտը» վերնագրված նրա մտքերի նոր ժողովածուն:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ